National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.11.2009
Խորհրդարանական ճեպազրույցները

Նոյեմբերի 20-ին  տեղի ունեցան խորհրդարանական խմբակցությունների  ճեպազրույցները: Հարցերն առնչվում էին «2010 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին, ընթացիկ շաբաթավերջին Մյունխենում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը: հրաժարականին:

Խոսելով գալիք տարվա տնտեսական հիմնական փաստաթղթի մասին` «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այն աղերսներ չունի իրականության հետ: Ըստ նրա` կառավարությունը գնաճի պայմաններում աշխատավարձի բարձրացում չի նախատեսել: ԺԿ-ի համար բյուջեն ընդունելի չէ:

    «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի ակնկալիքները Մյունխենյան հանդիպումից այնքան էլ մեծ չեն: Պարոն Մարտիրոսյանը հնարավոր է համարում ներկա բանակցությունների փուլում բանավոր պայմանավորվածությունների ձեռքբերումը, բայց գործնական քայլերը, կարծում է, մի փոքր ուշ կլինեն:

Անդրադառնալով 2010 թ-ի պետական բյուջեի օրինագծին` ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարեւորեց այն հանգամանքը, որ թեեւ ճգնաժամ է, բայց կառավարությունը չի կրճատել սոցիալական ոլորտի ծախսերը: Նա տեղեկացրեց, որ ՕԵԿ խմբակցության պատգամավորները ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ, որոնք վերաբերում են բնակարանաշինությանը, ճանապարհաշինությանը, աղետի գոտու վերականգնմանը, ավանդների վերադարձմանը եւ այլն:

ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը Մյունխենյան հանդիպման վերաբերյալ առաջարկեց խոսել այն ժամանակ, երբ հանդիպումը կլինի, կավարտվի եւ  արդյունքները կհրապարակվեն: Ըստ նրա` յուրաքանչյուր հանդիպում երկխոսության ճանապարհ է, որոշակի դրական քայլ կլինի ԼՂ հարցի կարգավորման առումով, մեկ անգամ եւս կամրապնդվի առանց ուժի կիրառման հիմնահարցը լուծելու սկզբունքը:

2010 թ-ի բյուջեի նախագիծը ՀՅԴ անդամ Արա Նռանյանին լավատեսություն չի ներշնչում: Նա մտահոգություն հայտնեց, որ եթե դոլարի փոխարժեքը անցնի 420 դրամը, ապա Հայաստանը խնդիրներ կարող է ունենալ ոչ միայն միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, այլ նաեւ արտաքին պարտքը սպասարկելու առումով: Ըստ նրա` կառուցվածքային լուրջ փոփոխությունների կարիք կա, սակայն այդ ուղղությամբ քայլեր չեն արվում: Տեղեկացվեց, որ ՀՅԴ խմբակցությունը դեռեւս չի որոշել ինչպես է քվեարկելու, սակայն լավատեսորեն տրամադրված չէ:

Անդրադառնալով Մյունխենյան առաջիկա հանդիպմանը` Արա Նռանյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների այս խճճված իրավիճակը ստեղծելով` ՀՀ իշխանությունները ստիված են ղարաբաղյան հարցում դիմագրավել այն ճնշումներին, որոնք  կատարվում են Թուրքիայի կողմից եւ Թուրքիայի միջնորդությամբ: Նրա գնահատմամբ` այս պահին որեւէ լուրջ փաստաթուղթ չի լինի:

«2010 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը իրազեկեց, որ քաղաքական կոալիցիայի  կուսակցությունների ներկայացուցիչների աշխատանքային խմբերի միջեւ ընթանում են վերջին համաձայնությունները եւ կարծում է, որ դրա ավարտից հետո կոալիցիան միահամուռ հավանություն կտա 2010 թ. պետական բյուջեին:

Մյունխենում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման վերաբերյալ Արամ Սաֆարյանն արձանագրեց, որ վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած քարոզչական պատերազմը մի փոքր մեղմացել է, ինչը, պարոն Սաֆարյանի կարծիքով, տեղի է ունենում ԵԱՀԿ շրջանակում գոյություն ունեցող դրական սպասումներով: Նա գտնում է, որ բանակցային գործընթացն ակտիվորեն առաջ է մղվում, Մինսկի խմբի համանախագահները  դրական են արձանագրում վերջին շրջանի իրենց գործունեությունը եւ ունեն մեծ սպասելիքներ: Խմբակցության քարտուղարի կարծիքով` այս ֆոնի վրա երկու երկրների նախագահների հանդիպումը կարեւոր իրադարձություն է, չնայած որ ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ չէ կոնսենսուսով հարցը լուծելուն: Նրա համոզմամբ` դա այդպես չէ, Հայաստանը պարզապես արձանագրել է, որ ՀՀ դիվանագիտության համար գլխավոր խնդիրը ԼՂՀ կարգավիճակի հարցն է, որը  չի կարող լինել ավելի ցածր, քան այժմ կա: Խոսքը ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման մասին է եւ եթե այս գործընթացում լինի դրական տեղաշարժ, ապա բանակցային գործընթացը կարող է արագ լուծում գտնել:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 2010 թ-ի պետական բյուջեի մասով ասաց, որ թիմն է իրագործու բյուջեն եւ պատասխանատուն թիմն է: Նա, հաշվի առնելով հնչեցված քննադատական կարծիքները բյուջեի նախագծի վերաբերյալ, հիշեցրեց, որ 2000 թ-ին, երբ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը դարձավ վարչապետ, բյուջեն 72 մլրդ դրամ պարտք ուներ առողջապահությանն ու ուսուցիչներին, ինչը հաղթահարվեց իշխանությունների կողմից: Նա հավատացրեց, որ կառավարության ներկայացրած թվերը օրինաչափ են, 2010 թ. երկրորդ կիսամյակում բավականին լուրջ մուտքեր կլինեն բյուջեում եւ այն խնդիրները, որ հասարակությունն է առաջ քաշում, հնարավոր կլինի իրականացնել: Բյուջեի քննարկումների հոռետեսությունը պարոն Սահակյանի համար ընդունելի չէ  եւ կարծում է, որ կարգավորվող են բոլոր խնդիրները:

«Կարծում եմ, հապշտապ լուծումների մասին խոսք լինել չի կարող, մեր դիրքորոշումը նույն ձեւով կներկայացվի, որն է` նախ եւ առաջ ԼՂ կարգավիճակի խնդիրը: Մնացած խնդիրներն այսօր մեզ համար քննարկելի չեն: Երբ Մադրիդյան փաստաթղթում արդեն որոշակի կդառնա ԼՂ կարգավիճակը, որն է` անկախ, ոչ Ադրբեջանի կազում, ոչ ավելի պակաս կարգավիճակ, քան այսօր է, երբ հավանություն կստանա բանակցություններում, նոր կքննարկվեն մյուս խնդիրները: Ընդհանուր առմամբ շատ լավ է, որ այսօր ավելի բաց են քննարկումները եւ հասարակական պահանջ կա, որպեսզի հասարակությունը կարողանա մտածել, թե իշխանությունը, պետությունը որ ճանապարհով է այդ խնդիրները փորձում լուծել»,- խոսելով Մյունխենյան գալիք հանդիպումից` ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am